Իրանի և Ռուսաստանի միջև կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը
ՄիջազգայինԹեհրանի և Մոսկվայի միջև ուղիղ մարդատար ավիահաղորդակցությունը կվերականգնվի սեպտեմբերի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Iran Air իրանական ավիաընկերությանը:
Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանի և մոսկովյան Շերեմետևոյի միջև չվերթները կիրականացվեն երեքշաբթի օրերին: Թռիչքի տևողությունը կկազմի մոտ հինգուկես ժամ:
Իրանի և Ռուսաստանի միջև մարդատար ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2012 թվականին տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք իրանական կողմում ծագել էին արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: