Սիրիայում ռուսական բոլոր ինքնաթիռներն ու թռչող սարքերն անվնաս վերադարձել են ավիաբազա
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի օդային ուժերի կողմից խփված թռչող սարքն իրենց չի պատկանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայո ր Իգոր Կոնաշենկովը:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական բոլոր ինքնաթիռները մարտական հանձնարարությունները կատարելուց հետո վերադարձել են «Հմեյմիմ» ռազմաբազա: Ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք Սիրիայի տարածքում իրադրության մոնիթորինգ և օդային հետախուզություն են իրականացնում, գործում են պլանային ռեժիմում»,- ասել է Կոնաշենկովը:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 16-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ օդային ուժերը Սիրիայի հետ սահմանին անհայտ պատկանելության թռչող սարք են կործանել, որը, թուրքական կողմի պնդմամբ, սիրիական կողմից խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Երեք անգամ հնչեցված զգուշացումից հետո էլ թռչող սարքը շարունակել է թռչել Թուրքիայի տարածքում, ինչից հետո թուրքական օդուժը կրակ է բացել և հարվածել այդ թռչող սարքին: