Սիրիահայ բանաստեղծ Ժան Վարդանը ներկայացրել է իր «Պոռթկում» ժողովածուն
ՄշակույթՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել սիրիահայ բանաստեղծ Ժան Վարդանի «Պոռթկում» ժողովածուի շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլատյանը, գրողներ, արվեստագետներ, սիրիահայ ընթերցողներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքն է ներկայացրել նախարարի մամուլի խոսնակ Սեյրանուհի Գեղամյանը:
«Դուք առավելապես հայտնի եք որպես երաժիշտ, բայց և այնպես ինձ համար անակնկալ չէր Ձեր՝ նաև բանաստեղծ լինելը, քանի որ սիրիահայությունը բազմաշնորհ է և չի դադարում զարմացնել ու հիացնել արվեստի, արհեստի հանդեպ իր ունեցած տաղանդով և իր ներուժով հաջողություններ արձանագրելու կարողությամբ: Դուք նրանցից մեկն եք, որ հերթական անգամ հաստատեցիք իմ համոզմունքը:
Հետաքրքրական էին այն գրվածքները, որոնք մոտ էին կենցաղավարությանը, ինչն ամենևին էլ չի ստվերում գիրքը, որովհետև թե´ այդ, թե´ մյուս բանաստեղծություններում տողերի արանքից դուրս է հորդում պոռթկումը, որի անկեղծությունը և իրական ապրում ասվածն հավասարազոր իրողություններ են: Այդ անկեղծությունն առավել ընդգրկված է և պարուրված խորը ցավով երազային Հալեպին և սիրիահայությանը նվիրված գործերում, դիպուկ է ընտրված գրքի վերնագիրը»,-նշված է եղել նախարարի խոսքում:
Ելույթներով հանդես են եկել Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, սիրիահայ գրողներ Թորոս Թորանյանը և Հակոբ Միքայելյանը:
Ժան Վարդանի բանաստեղծություններն են ասմունքել Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար Ջիվան Սարգսյանը և դերասան Վանիկ Մկրտչյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը կատարել է Ժան Վարդանի «Երևանյան գիշեր» բանաստեղծության հիման վրա գրված երգը (երաժշտությունը՝ Լեյլա Սարիբեկյանի):