Կատարվել է 19,5 հազար հեկտար աշնանացան
ՀասարակությունԳեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում աշնանացան ցորենի ցանքը, որի մակերեսը նախորդ տարվա համեմատ չի փոփոխվել:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, 2015 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ, համաձայն համայնքներից ստացված նախնական տվյալների, մարզում կատարվել է 19 հազար 500 հեկտար աշնանացան ցորենի ցանք:
Գյուղացիական տնտեսություններին, ըստ պահանջարկի, ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 343 տոննա աշնանացան ցորենի բարձրորակ սերմացու եւ 5743 տոննա ազոտական պարարտանյութ:
«Եղանակային պայմաններն այս տարի աշնանացանի համար բարենպաստ եղան: Սեպտեմբերի ընթացքում կատարված աշնանացանն արդեն ծլել է, հոկտեմբերի ընթացքում կատարված աշնանացանի ծլունակության համար եւս հողում առկա է բավարար խոնավություն եւ ջերմություն:
Հոկտեմբերի վերջին տասնօրյակի ընթացքում տնտեսություններում կկատարվի եւս 900 հեկտար աշնանացան, որով կկարողանանք պահպանել նախորդ տարվա ցուցանիշը` 20 հազար 400 հեկտար»,- նշեց վարչության պետը: Աշնանացանի մեծ մասը կատարվել է նաեւ Վարդենիսի տարածքում` հացի շտեմարան համարվող Մասրիկի հարթավայրում: