Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառում կայացավ Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես
ՄշակույթՀանրահայտ Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի շրջանակներում հոկտեմբերի 16-ին կայացավ 2015թ. ընթացքում հրատարակված և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոյին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներս ես Տեր-Վարդանյանը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, գրաքննադատներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայաստանի տաղավարում ներկայացվեցին Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Ետվարտ Ֆիչիչիյանի «Հայոց ցեղասպանությունը 1912-1922թթ. գերմանալեզու մամուլի լույսի ներքո», Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի «Կորուստ և կտակ. հիշում են Հայոց ցեղասպանությունը վերապրածները», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Վատիկանի գաղտնի արխիվի չհրատարակված փաստաթղթերը Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն ոճրագործության մասին» և Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում» գրքերը:
Այնուհետև Բոխումի համալսարանի գիտաշխատող Քրիստին Փլաթը ընթերցեց մի հատված իր և պրոֆեսոր Միհրան Դաբաղի հեղինակած գրքից:
Միջոցառումը վարում էր Գերմանական ռադիոյի Արևելյան Եվրոպայի պատասխանատու Ռութ Յունգը: