ՍԴ-ի որոշումը լրատվամիջոցների օգտին էր
ՀասարակությունԱյսօր, Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշման համաձայն, հստակեցվել են տեղեկատվության աղբյուրի բացահայտման իրավակարգավորման շրջանակները և որոշում է կայացվել, որ լրատվամիջոցը չի բացահայտի իր տեղեկատվության աղբյուրը: Այլ կերպ ասած՝ լրատվական դաշտն իրավական դաշտում իր «իրավունքները» պաշտպանելու հարցում լրջագույն հաղթանակի հասավ, որը նաև բոլոր լրագրողների հաղթանակն է, քանի որ լրագրողը կամ լրատվամիջոցն այլևս չի կարող տեղեկատվական աղբյուրը բացահայտելու պահանջի պարտադիր կատարումից բխող հնարավոր ճնշումների ենթարկվել:
Հիշեցնենք, որ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն և «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն դիմել էին ՍԴ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հարցն ուսումնասիրելու և համապատասխան որոշում ընդունելու համար:
Դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ որոշման մեջ հստակեցվել է, որ լրատվամիջոցը տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտել բացառապես երեք դեպքում, որոնցից երկուսը վերաբերում են հանցագործությունների կանխմանը, մեկը՝ մարդուն արդարացնելուն։ Որոշումը նաև հիմք է առաջիկայում օրենսդրական բացը լրացնելու համար, ինչը և դարձել էր ոչ միայն տարընթեցումների, այլև թյուրիմացության պատճառ:
Ա.Գ.