Քուվեյթի արդարադատության նախարարը պատրաստակամ է զարգացնել փոխգործակցությունը ՀՀ-ի հետ
ՀասարակությունՔուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արդարադատության, վակֆերի և իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդել Մոհսեն Ալ-Սանեհի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության ծավալման և ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների կառավարությունների միջև քրեական հարցերում իրավական փոխօգնության վերաբերյալ պայմանագրի անհրաժեշտությանը: Այս համատեքստում նախարարը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի հետ ստորագրել սույն փաստաթուղթը փոխայցելություններից մեկի ժամանակ` նշելով, որ հրավերի առկայության պարագայում պատրաստ է այցելել Հայաստան` փոխգործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու նպատակով:
Կողմերն անդրադարձել են նաև Քուվեյթում Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող իրավական հարցերին, եկեղեցու նոր շենքի համար հողահատկացման և դրա կառուցման հնարավորություններին:
Նախարար Ալ-Սանեհի խնդրանքով դեսպան Չարչօղլյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` ներկայացնելով Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը` ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: