ՏՀՏ ոլորտի 40 մասնագետներ Բրյուսելում ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական զարրգացումները
ՀասարակությունՀայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 40 մասնագետներ, ավտոբուսով կտրել անցնելով 4 հազար կիլոմետր, Բրյուսելում ներկայացրել են Հայաստանի արագ աճող տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը: Հայ պատվիրակները նաև տեղեկացրել են եվրոպական գործարարներին իրենց իրենց ընկերություններում և Հայաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտում եզակի ներդրումային հնարավորությունների մասին:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ վերջին 10 տարիներին տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը ծաղկում է Հայաստանում` ապահովելով տարեկան 20 տոկոս աճ:
«Համաշխարհային մեծության ընկերություններն իրենց գրասենյակներն են հիմնում Հայաստանում ոչ միայն աութսորսինգ իրականացնելու, այլև տեղի ներուժն օգտագործելու համար: Հայաստանը դարձել է տարածաշրջանային հանգույց: Հայաստանում դուք կարող եք գտնել տարբեր հմտություններ` ոչ միայն միկրոսխեմաների նախագծում, այլև բարձր մակարդակի ծրագրավորում»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:
«Art Solutions» ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Հենրի Բլանդվելն էլ, ով վերջերս է գրասենյակ հիմնել Երևանում, շատ հարցազրույցներ է իրականացրել իր հնարավոր աշխատողների հետ և համոզիչ ու բարձր է գնահատում նրանց հմտությունները:
Նա նաև հավելել է, որ Հայաստանն աշխարհին հայտնի է հարուստ մշակույթով ու ժառանգությամբ` շեշտելով, թե ՏՀՏ մասնագետների մեծ նպատակնեը հույս են առաջացնում, որ շուտով Հայաստանը հայտնի կդառնա որպես նորարարությունների և հետաքրքիր լուծումների երկիր:
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ներկայացուցիչ Ջուլիետա Նիկողոսյանն էլ հույս է հայտնել, որ բելգիալան լսարանը կբացահայտի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժը և Հայաստանը կնույնականացի ոչ միայն Շառլ Ազնավուրի, Հայոց ցեղասպանության, հնագույն ժողովրդի երկրի հետ, այլ նաև որպես տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգաների զարգացող ոլորտ ունեցող երկրի:
Հայաստանի ՏՀՏ ոլորտի շրջիկ ցուցահանդեսը կտևի 32 օր, կշրջագայի 15 եվրոպական երկրներում, հաջորդ կանգառը կլինի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:
Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որը կտևի մինչև նոյեմբերի 6-ը: Դրա շրջանակներում հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ կայցելեն մոտ 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech. Made in Armenia» բիզնես ֆորումներին, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը:
Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջացառումներին: