Գեղարքունիքում կբացվի մսամթերքների վերամշակման առաջին արտադրամասը
ՏնտեսությունԳեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այս տարվա մայիսից սկսվել եւ ընթանում է մսամթերքների վերամշակման արտադրամասի շինարարությունը, որն առայժմ առաջինն ու միակն է լինելու Գեղարքունիքի մարզում:
Ինչպես տեղեկացրեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, մսամթերքի վերամշակման արտադրամասը բացառապես մեկ ընկերության միջոցներով: Այս ընկերությունն էլ շահագործելու է ապագա ձեռնարկությունը: Ըստ շինարարությունն իրականացնող ընկերության տնօրեն ԳագիկԼալայանի` ապագա ձեռնարկությունում օրական կվերամշակվի խոշոր ու մանր եղջերավորների եւ թռչնի 15-20 տոննա միս, այլ կիսաֆաբրիկատներ: Ձեռնարկությունն ունենալու է 10 հազար քառակուսի մետր արտադրական եւ սպասարկման տարածք, մոտ 240 աշխատատեղ, աշխատանքային 3 հերթափոխ: Այստեղ մթերվելու է Գեղարքունիքում եւ նրան հարակից մարզերում արտադրված միսը, որով դյուրանում է մսի իրացման խնդիրն անասնապահական բազմաթիվ տնտեսություններում:
Ձեռնարկությունը շահագործման պատրաստ կլինի առաջիկա 3 տարիների ընթացքում: Այն զինված կլինի ժամանակակից սարքավորումներով: Մոտակա երկու տարիների ընթացքում շինարարությունում բացված աշխատատեղերի քանակը օրական կկազմի 40-50 մարդ:
«Առայժմ նախագծով չի նախատեսված սպանդանոցի կառուցում, ուստի, սկզբնական շրջանում ձեռնարկությունը կմթերի մորթված միսը: Եթե սպանդանոցի անհրաժեշտություն առաջանա, ապա ընկերությունն այդ մասին կմտածի»,- նշեց Գագիկ Լալայանը:
Խոսրով Խլղաթյան