Հայաստանի թանգարաններում ցուցադրվում է ֆոնդերում առկա ցուցանմուշների միայն 3,5%-ը
ՀասարակությունՀայաստանի թանգարաններում ցուցադրվում է ֆոնդերում առկա ցուցանմուշների միայն 3,5%-ը:
Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:
«Հայաստանի թանգարանները խիստ խնդիր ունեն նոր ցուցադրական տարածքների: Ներկայում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարանների առարկաների թիվն է 1 45 555 նմուշ: Թանգարանների հիմնական ցուցադրություններում ներկայացված են 52 669, իսկ ժամանակավոր ցուցադրություններում այս տարի ներկայացվել է 7500 թանգարանային առարկա: Տարածքների խնդիրները փորձում ենք լուծել նոր ցուցադրման եղանակներով, օրինակ՝ վիրտուալ ցուցադրություններով», - ասաց Արև Սամուելյանը:
Խոսելով վիրտուալ ցուցադրությունների մասին` մշակույթի փոխնախարարը նշեց, որ արդեն արդիականացվել և մշակվել է գորգի վիրտուալ թանգարանը: Այստեղ ներկայացված են նմուշներ վեց թանգարանից և մասնավոր հավաքածուներից: Շարունակվում է համագործակցությունը 360.com կայքի հետ՝ որտեղ օրեցօր ավելանում են թանգարանների ցուցադրությունները:
Ներկա պահին Հայաստանում գործում է 123 թանգարան, որոնցից միայն 54-ը՝ Երևանում: Թանգարանների ֆոնդերի լրացումները կատարվում են նվիրատվությունների, գնումների և հնագիտական պեղումների արդյունքում գտածոները թանգարաններին հանձնելու միջոցով: