Վլադիմիր Գասպարյանը բավարար է գնահատել Ճանապարհային ոստիկանության աշխատանքը
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությո ւնից, խորհրդակցության նպատակն է եղել քննարկել հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման ընթացքը, երթևեկության խնդիրների մշտադիտարկման այս փուլի արդյունքներն ու առաջարկված ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Մինչև խորհրդակցությունը ոստիկանության պետը ծանոթացել է քարտուղարության աշխատանքին, որն իրականացվում է նորովի՝ նպատակ ունենալով ապահովել քաղաքացի-ճանապարհային ոստիկանություն ուղղակի փոխգործակցությունը:
Ճանապարհային ոստիկանության այս օղակում ընթացք են տրվում քաղաքացիների դիմումներին ու բողոքներին, գրանցվում են բոլոր առաջարկները: Այցելուների թիվը մեծ է եղել: Մի քաղաքացուհի, օրինակ, առաջարկել է ավտոմեքենաների կայանում կազմակերպել Կոմիտասի-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, քանի որ տարածքը տալիս է դրա հնարավորությունը:
Վլադիմիր Գասպարյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, առաջարկը քննարկելու վերաբերյալ ցուցում տվել է համապատասխան ծառայության պատասխանատուին:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատել Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, երթևեկության ու ծառա յության կազմակերպման նոր մեթոդները, տեխնիկական հագեցման ընթացքը և գործունեության մի շարք այլ ուղղություններ:
Միևնույն ժամանակ ոստիկանության պետը նշել է, որ Ճանապարհային ոստիկանության որոշ ստորաբաժանումների, օրինակ՝ հաշվառման-քննական բաժանմունքների աշխատանքում դեռևս կան անհանդուրժելի, ոստիկանի արժանապատվությունն արատավորող, ոստիկանության հանդեպ հանրության հավատը խարխլող երևույթներ:
Պահանջելով անզիջում լինել գործնական միջոցներ ձեռնարկել նման դրսևորումների հանդեպ ՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է դրանց վտանգավորությո ւնը թե’ ոստիկանության, թե’ հասարակության համար:
Նշելով շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիների լայն ներգրավվածությունը երթևեկության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է այդ գործընթացին ճանապարհային տեսուչների ակտիվ մասնակցությունը, մարդկանց, որ և մասնագետ են, և քաղաքացի, և երթևեկության պատասխանատու:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև ճանապարհային ոստիկան-վարորդ հարաբերությունների բարելավման, վարորդներին, մասնավորապես՝ այլ երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ապօրինի անտառահատումների դեմ պայքարում ճանապարհային ոստիկանության նեգրավվածությունը մեծացնելու և մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: