Վենետիկի հանձնաժողովը միաձայն հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ եզրակացությունները
Օրվա իրադարձություններՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նիստին, որի շրջանակում հաստատվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծի 1-7 եւ 10 գլուխների վերաբերյալ նախնական եզրակացությունը, 8, 9 եւ 11-16 գլուխների վերաբերյալ երկրորդ նախնական եզրակացությունը, որոնք պատրաստվել էին հանձնաժողովի անդամներ Ս. Բարտոլեի, Ա. Էնդինշի, Ք. Գրաբենվարտերի, Տ. Խաբրիեւայի, Ե. Տանչեւի եւ Կ. Տուորիի նկատառումների հիման վրա:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, անդրադառնալով ՀՀ սահմանադրական բարեփոխումներին՝ Վենետիկի հանձնաժողովի անդամներ Տ. Խաբրիեւան, Ե. Տանչեւը, Ս. Բարտոլեն եւ Ա. Էնդինչը բարձր են գնահատել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ բնութագրելով այն ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթուղթ: Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում, որին մասնակցել են վաթսուն երկրների ներկայացուցիչներ, միաձայն հաստատվել են փորձագետների խմբի կողմից ներկայացրած եզրակացությունները: