Հայաստանը կմասնակցի «ԵՄ Հորիզոն-2020» ծրագրին
ՀասարակությունՀայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կկնքվի «Եվրոպական միության Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիր:
Փաստաթղթի ստորագրման նպատակահարմարությունը քննարկելու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
«Հորիզոն-2020 ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն»,- ասված է հիմնավորման մեջ:
«Հորիզոն-2020» ծրագիրն ընդգրկում է 3 հիմնական մաս` գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ: Ծրագրի գերակայությունները նպատակաուղղված են խրախուսելու և ֆինանսավորելու համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացմանը` ներգրավելով և պահպանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտողներին և զարգացնելով լավագույն հետազոտական ենթակառուցվածքները, կարևորագույն տեխնոլոգիաների (միկրոէլեկտրոնիկա, առաջատար արդյունաբերություն և այլն) զարգացմանը, հետազոտու թյունների և մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների մակարդակի բարձրացմանը՝ Եվրոպայում փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների աջակցության ապահովման եղանակով, և այլն:
Հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև Եվրոպական միության կողմից իրականացված FP7 շրջանակային ծրագրի արդյունքները՝ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից և բուհերից շուրջ 30-ը կարող են արդյունավետորեն մասնակցել «Հորիզոն-2020» ծրագրի տարբեր գերակայությունների շրջանակներում անցկացվող թեմատիկ մրցույթներին: