Հունան Պողոսյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել հրապարակված ընտրացուցակների ճշգրտմանը
ՀասարակությունՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկվել են Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման փուլի մի շարք հարցեր:
Հունան Պողոսյանը, մասնավորապես, խնդիր է դրել հետևողական լինել հանրաքվեի օրը ծառայություն կատարելու պատրաստվող ոստիկանների կողմից «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների լիարժեք իմացության հարցում, ստորաբաժանումներում պարապմունքներ, ապա և ստուգումներ անցկացնել ծառայողների տեսական և գործնական պատրաստականությունն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար:
Ընդգծվել է, որ հանրաքվեի նախապատրաստման փուլում պետք է իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետևել կազմակերպությունների և քաղաքացիների հայտարարություններին, բողոքներին ու դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա և հանդես գալ պարզաբանումներով:
Հունան Պողոսյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել հրապարակված նախնական ընտրական ցուցակների ճշգրտմանը, ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին, շարունակել ցուցակների ճշտման ուղղությամբ աշխատանքները՝ արդյունքում լիարժեք ընտրացուցակներ ունենալու համար:
Ծառայությունների ղեկավարները օպերատիվ շտաբին ներկայացրել են հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների արդյունքները:
Նիստում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ կայացվեցին որոշումներ և հաստատվել է դրանց իրականացման ժամանակացույց: