Գրանցված ամուսնությունների թիվն անցած 9 ամիսների ընթացքում կազմել է 13.120
ՀասարակությունԳրանցված ամուսնությունների թիվն անցած 9 ամիսների ընթացքում կազմել է 13.120, ինչը նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ նվազել է 8,6%-ով:
Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողներին տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը:
«Ամուսնությունների թվի նվազման հետ մեկտեղ այս տարվա առաջին ինն ամիսներին նվազել է նաև ամուսնալուծությունների թիվը: Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում 2.799 զույգ ամուսնալուծվել է, ինչը 21% պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ», - ասաց Կարինե Կոյումջյանը:
Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը հավելեց, որ 1000 բնակչի հաշվով ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 5,8%, այսինքն այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 1000 մարդուց միջինում 6-ը կազմել է ընտանիք: Սակայն ամուսնությունների ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գեղարքունիքում՝ կազմելով 4,7 %: