Թուրքիան հրաժարվել է ստորագրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հայտարարությունը
ՄիջազգայինԹուրքիան պաշտոնապես հրաժարվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) իսլամիստական ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին միանալուց: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղի ունեցող «Ահաբեկչության դեմ պայքար» խորագիրը կրող ժողովի ժամանակ հրաժարվել է ստորագրել իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքար մղելու վերաբերյալ մասնակից երկրների ընդունած հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Հայտարարության տեքստում նշվում է իսլամիստական խմբավորման դեմ արդեն «ռազմական միջոցներով ավելի ակտիվ և վճռական գործողությունների դիմելու անհրաժեշտությունը»: Այն ստորագրել են մասնակից բոլոր մյուս պետությունները' ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Եգիպտոսը, Իրաքը, Լիբանանը, Քաթարը, Քուվեյթը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եմենը:
Նշվում է, որ պաշտոնական Անկարայի նման որոշումը լրջորեն կքննարկվի սեպտեմբերի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի' Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում: