Նախարարության աշխատակիցները գիշերային հերթապահություն կիրականացնեն սահմանամերձ գյուղերում
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի օրենքի նախագիծ Հայաստանի սահմանամերձ գյուղերում նախարարության կատարելիք ծառայության վերաբերյալ:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին:
«Տավուշի մարզի 24 սահմանամերձ գյուղերում նախարարությունը ծառայություն է կատարելու տարբեր ուղղություններով: Այդ գյուղերում կան ջրամբարներ, որոնց պահպանման խնդիրներն ենք լուծելու: Ազատամուտ համայնքում մենք ունենք 32 հոգուց բաղկացած անձնակազմ: Բացի այդ, գիշերվա ժամերին մեր տղաները կիրականացնեն հերթապահություն այն գյուղերում, որտեղ հնարավոր է լինեն դիվերսիաներ կամ Ադրբեջանից մարդիկ մտնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:
Անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գյուղերում ապաստարանների խնդրին՝ նախարարն ընդգծեց, որ այդ ուղղությամբ նախարարությունն աշխատանքներ տանում է: «Մենք փորձում ենք այդ գյուղերում անհատական ապաստարաններ կառուցել, կան դպրոցներ, որոնց նկուղներն ենք փորձում կարգի բերել: Մենք այս պաին հաշվարկ ենք անում և շուտով ֆինանսների նախարարությանը կներկայացնենք, թե որքան գումար է անհրաժեշտ ապաստարանների հարցը լուծելու համար»,- եզրափակեց նախարարը: