Հայաստանում վերելակների շուրջ 80 տոկոսն անմխիթար վիճակում է
ՀասարակությունՀայաստանում գործող վերելակների շուրջ 80 տոկոսը անմխիթար վիճակում է: Վերելակների խնդիրը կարգավորելու համար ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանն ակնկալում է նաև պատգամավորների աջակցությունը: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Արմեն Երիցյանը, պատասխանելով Հայաստանում վերելակների անմխիթար վիճակի մասին պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել վերելակների խնդիրը:
«Հայաստանի տարածքում գործում է մոտավորապես 5 հազար վերելակ: Դրանց 80 տոկոսն անմխիթար վիճակում է գտնվում: Դրանց մեծ մասը հիմնականում հին շենքերում է գտնվում: Մենք գնացել, նայել ենք բոլոր այդ վերելակները»,- ընդգծեց Երիցյանը:
Նա նշեց, որ այդ վերելակները պետք է փորձաքննություն անցնեն և վերանորոգվեն: «Ես կարծում եմ, որ մենք միասին պետք է նայենք, քննարկենք, փորձենք ինչ-որ եղանակով առաջ մղել նաև այս հարցը»,- եզրափակեց նախարարը: