Պյոտր Սվիտալսկին հետաքրքրվել է Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներով
ՀասարակությունՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է հաջողություններ և արգասաբեր աշխատանք, միաժամանակ հույս հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը արդյունավետ և շարունակական կլինի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության և Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքերի հիմնական ուղղությունները, մասնավորապես, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի հետ կապված խնդիրները:
Այնուհետև նախարարը ներկայացրել է զբաղվածության ոլորտի քաղաքականությունը, զբաղվածության ակտիվ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել աշխատաշուկայում առկա վիճակին` ընդգծելով, որ տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ. «Ունենք կառուցվածքային գործազրկության խնդիր, երբ նախկինում այլ մասնագիտություններ էին պահանջված, իսկ այժմ՝ բոլորովին այլ: Այս առումով կարևորում եմ Զբաղվածության պետական գործակալության և Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի դերը, որպեսզի կարողանանք մեր աշխատաշուկայում անմրցունակ անձանց կարողություններն ու հմտությունները համապատասխանեցնենք այսօրվա աշխատաշուկայի պահանջներին»,-նշել է նախարարը:
Դեսպանը հետաքրքրվել է նաև Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումներով: Այս համատեքստում նախարարը հայտնել է, որ ներկայումս իրազեկման աշխատանքներ են իրականացվում՝ կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցներին ուղղորդել դեպի իրենց անհատական հաշիվներ, որպեսզի հենց իրենք տեղեկանան և վերահսկեն իրենց հաշիվները:
Հանդիպմանը քննարկվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում տեղեկատվական համակարգերի ներդրման գործընթացը, իրականացվող աշխատանքները, ոլորտում հնարավոր համագործակցությունն ու այլ հարցեր: