«Ոսկու աշխարհի» անհետ կորած աշխատակցուհուն գտել են երկուսուկես ամիս անց
Հասարակություն«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանին, որն անհետացել էր այս տարվա օգոստոսին, հայտնաբերել են ողջ եւ առողջ։
Նրան հայտնաբերել են այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւանում։
Նելլի Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ պարզում են նրա անհետացման հանգամանքները։ Ոստիկանությունից մեր տեղեկությունը չհերքեցին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա:
Սեպտեմբերի 1-ին քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը, իսկ սեպտեմբերի 12-ին քրգործը որակվել էր սպանության հոդվածով։ Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել էին Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ: