Քարդաշյանների ընտանիքում տոն է. Քենդալ Ջենները դարձավ 20 տարեկան
LifestyleNews.am-ը գրում է.
Հետաքրքիր է`արդյոք նա նույնչափ հայտնի կլինե՞ր, եթե ծնված չլիներ այս ընտանիքում: Այնուամենայնիվ, փաստ է, որ այսօր նա համարվում է ամենագեղեցիկ և պահանջված մոդելներից մեկը: Նա Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կրտսեր քույրերից է. Քենդալ Ջեններն այսօր դարձավ 20 տարեկան:

2007 թ-ից սկսած Քենդալը նկարահանվում է ընտանեկան Keeping Up With The Kardashians շոուում:
Քենդալը նորաձևության աշխարհ մուտք է գործել 13 տարեկանից, սակայն Բրյուս և Քրիս Ջեններների դստեր մասին առաջին անգամ խոշոր մասշտաբով խոսվեց 2010 թ-ին, երբ Քենդալի և նրա կրտսեր քրոջ` Քայլի Ջենների մասին գրեց Beautiful People ամսագիրը:
Նույն թվականին Ջենները նկարահանվեց One Call խմբի Blacklight տեսահոլովակում: Հոլովակում 15-ամյա Քենդալը նկարահանվեց բավականին կարճ շրջազգեստով, ինչը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ:

2014 թ-ին Ջեններ քույրերը Time ամսագրի կողմից ճանաչվեցին որպես տարվա ամենաազդեցիկ դեռահասներ: Պատճառն այն է, որ ընտանեկան շոուում և հանրահայտ ամսագրերի շապիկներին նկարահանվելուց բացի Քենդալը զբաղվում է նաև բարեգործությամբ: Նա eBay-ում բացել է էջ, որտեղ աճուրդի է հանում իր հին զգեստները, իսկ ստացված հասույթը փոխանցում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին:

Չնայած Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հայտնիության պատճառով ընտանիքի յուրաքանչյուր անդամ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում` Քենդալը, ի տարբերություն իր քույրերի, ավելի զուսպ է անձնական կյանքի մանրամասները հրապարակելու հարցում: Նա, սովորաբար, չի հաստատում և չի խոսում իր անվան շուրջ պտտվող սիրավեպերի մասին:

Խոսակցություններ են պտտվում, թե Քենդալը հանդիպում էր դերասան Օրլանդո Բլումի հետ, իսկ վերջերս էլ լուրեր տարածվեցին Ջենների և Ջասթին Բիբերի հնարավոր սիրավեպի մասին:
Սյունե Առաքելյան