ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները հնարավոր է տեղափոխվեն Մոսկվա
ՀասարակությունՔննարկվում է Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի հետևանքով ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող հիվանդներին Տուլայի հիվանդանոցներից Մոսկվա տեղափոխելու հարցը: Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: Նա ավելացրեց նաև, որ այն հիվանդներն, ովքեր կտեղափոխվեն Հայաստան և դեռևս կազդուրված չեն լինի, բու ժումը կշարունակեն Հայաստանում ՀՀ կառավարության հոգածության ներքո:
Անդրադառնալով ՌԴ-ի բժշկական հաստատություններ վթարի հետևանքով տեղափոխված ՀՀ քաղաքացիներին, ՏԿԱԻՆ ներկայացուցիչը նշեց, որ այս պահին 26 տուժած կա Ուզլովայա, Նովոմոսկովսկի և Կիեևսկի հիվանդանոցներում, ովքեր ստանում են համապատասխան բուժումներ:
«Ներկա պահին Ուզլովայա բնակավայրի բժշկական հաստատությունում ունենք 15 տուժած, որոնցից 4-ը վերակենդանացման բաժնում են: Նրանցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 2-ը` ծանր: Ութ հիվանդ Կիրեևսկի բժշկական կենտրոնում է: Նրանց վիճակը համեմատաբար ավելի կայուն է, իսկ 3-ը դեռևս Նովոմոսկովսկի հիվանդանոցում են»,- նշեց Խանգելդյանը:
ՀՀ կառավարության որոշմամբ` Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի վթարից տուժածների և զոհվածների տեղափոխման, տուժածների բուժման ու փաստաթղթերի կարգավորման և այլ հարցերի կարգավորման համար ստեղծվել ու նոյեմբերի 3-ին ՌԴ է մեկնել միջգերատեսչական հանձնաժողով: