Շաքարավազի և հրուշակեղենի արտադրության ցուցանիշները պայմանավորել են սննդարտադրության նվազումը
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սննդամթերքի արտադրության 6.3 տոկոս նվազումը մինչև 212 մլրդ 619. 2 մլն դրամ (մոտ 447.1 մլն ԱՄՆ դոլար) մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014թ. առաջին ինն ամիսներին շաքարավազի արտադրության 44 հազար 928 տոննա ծավալն այս տարի նվազել է 19.6 տոկոսով՝ մինչև 36.1 հազար տոննա, հրուշակեղենինը՝ 10.5 տոկոսով՝ մինչև 11 հազար 22 4.6 տոննա։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2015թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշանակալի աճ է արձանագրվել կաթնամթերքի արտադրությունում, մասնավորապես, պանրինն ավելացել է 2.2 տոկոսով՝ մինչև 14 հազար 941.8 տոննա, կաթինը՝ 4.8 տոկոսով՝ մինչև 383.5 մլն լիտր, մածունինը՝ 48 տոկոսով՝ մինչև 4 հազար 740.1 տոննա, թթվասերինը՝ 88.5 տոկոսով՝ մինչև 4.4 հազար տոննա, իսկ պաղպաղակի նախորդ տարվա առաջին ինն ամիսների արտադրության ցուցանիշը գերազանցվել է 52 տոկոսով և կազմել 9 մլն 609.2 հազար լիտր։ Միաժամանակ, մսի արտադրությունն աճել է 0.7 տոկոսով՝ մինչև 35 հազար 61.4 տոննա։