Հաջորդ տարի Սևանա լճի շրջակայքում 9 հեկտար տարածության վրա ծառատունկ կիրականացվի
ՀասարակությունՍևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտ ստեղծելու ծրագիրը շարունակվում է: Ծրագրի շրջանակներում 2016թ. նախատեսվում է իրականացնել ծառատունկ 9 հեկտար տարածության վրա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին:
«Մենք այս տարի 12 հեկտար տարածքի վրա արդեն ծառատունկ ի րականացրել ենք: Նախորդ տարի ևս իրականացվել է, իսկ այս տարի նախատեսվում է ծառատունկ իրականացնել 9 հեկտար տարածքի վրա»,- նշեց նախարարը:
Նա հավելեց, որ ծրագիրը նախատեսված է իրականացնել 2014-2023թթ. ընթացքում՝ վստահեցնելով, որ ծրագրից շեղում չի եղել: Նախարարը նաև տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացվում է «Սևան ազգային պարկ»-ի միջոցների հաշվին և պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում:
Արամայիս Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը դիմում է տարածքային համայնքների և դոնոր կազմակերպությունների օգնությանը, որպեսզի Սևանից Դիլիջան գնացող հատվածում ևս ծառատունկ իրականացվի: «Սա արդեն նոր պլանավորած աշխատանք է, որը մենք նախատեսում ենք իրականացնել»,- եզրափակեց Գրիգորյանը: