Ավստրալիան ՀՀ-ին տրամադրել է ամենամեծ ծավալով մարդասիրական օգնությունը
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-սեպտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2 891.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 14.7 մլրդ դրամ կամ 30.8 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24.2 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ամենամեծ՝ 9 մլն 198.8 հազար դոլար արժեքով մարդասիրական օգնություն է տրամադրել Ավստրալիան. ցուցանիշը 2014թ. առաջին ինն ամիսների համեմատ ավելացել է 36.3 տոկոսով, այնուհետև՝ ԱՄՆ-ն՝ 5 մլն 872 հազար դոլար ծավալով (նվազումը՝ 5.2 տոկոս), Չինաստանը՝ 3 մլն 505.1 հազար դոլար ծավալով (նվազումը՝ 15.2 տոկոս), Հնդկաստանը՝ 1 մլն 524.9 հազար դոլար ծավալով (աճը՝ 57.7 տոկոս), Իտալիան՝ 1 մլն 276.8 հազար դոլար ծավալով (աճը՝ 33.3 տոկոս):
Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալներն ըստ տարածաշրջանների հետևյալն են. Անկախ պետությունների համագործակցության երկրներ՝ 194.4 հազար դոլար (նվազումը՝ 73.8 տոկոս), Եվրամիության երկրներ՝ 6 մլն 509.7 հազար դոլար (նվազումը՝ 65.8 տոկոս), այլ երկրներ՝ 24 մլն 105.7 հազար դոլար (աճը՝ 15.4 տոկոս):