Տուլայում ավտոբուսի վթարի` Հայաստան տեղափոխված տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունՏուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժածների կյանքին, ովքեր նոյեմբերի 5-ին տեղափոխվեցին Հայաստան, որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով տուժածներին և զոհերի աճյունները տեղափոխող օդանավով Տուլայից ժամանեց Հայաստան: «Վիրավորները հիմնականում ստացել են գանգուղեղային տրավմաներ, ողնաշարի կոտրվածքներ, նաև կոնքի կոտրվածքներ: Կային նաև պատռված բաց վերքերով կոտրվածք ներ»,-տեղեկացրեց նախարարը: Տուժածների տեղափոխման որոշումը, նրա խոսքով, միանձնյա չի կայացվել. այդ հարցում համամիտ են եղել ինչպես նրանց բուժող բժիշկները, այնպես էլ իրենք` տուժածները: Ռուսաստանում տուժածների բուժօգնության ֆինանսական ծախսն իր վրա է վերցրել ՌԴ առողջապահության նախարարությունը, իսկ Հայաստանում` ՀՀ առողջապահության նախարարությունը: Ինչպես օդանավում, այնպես էլ օդանավակայում եղել են հոգեբաններ, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր բուժումը շարունակելու անհրաժեշտություն ունեին, Երևանում հիվանդանոց են տեղափոխվել: Տասներկու տուժածներ շարունակում են մնալ Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում: ՀՀ առողջապահության փոխնախարարը դեռևս Տուլայում է և պարեբարաբար տեղեկություններ է հաղորդում նրանց առողջական վիճակի մասին:
Ռուսաստանում մնացած հիվանդներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից մեկին այսօր վիրահատել են: Այնտեղ բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության ներքո:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ 8 քաղաքացի, տուժել է ևս 43-ը: Տուլայում ավտոբուսի վթարի 8 զոհերի աճյուններն ու վթարից տուժած 33 քաղաքացիները նոյ եմբերի 5-ին տեղափոխվեցին Երևան: