Բքերքեում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար
ՀասարակությունԼիբանանում Անտիոքի ասորական մարոնիական եկեղեցու պատրիարքության, Անտիոքի և համայն արևելքի մարոնի եկեղեցու պատրիարք Բշարա Ռայի հովանավորությամբ Բքերքեի մարոնի եկեղեցու պատրիարքությունում նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն և համաքրիստոնեական հավաք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել կրոնական առաջնորդներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանում պապական նվիրակը, հոգևոր այրեր, կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, մտավորականներ, համայնքի ներկայացուցիչներ: Ելույթներով հանդես են եկել կրոնական առաջնորդներ, մտավորականներ, Բուդաքյան հիմնադրամի անդամներ: Ներկաներին իր պատգամն է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Վերջինս իր խոսքում նշել է, որ խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմությունը, կամքն ու հաղթանակը: Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել խաչքարի զետեղումը այս պատմական վայրում և շնորհակալություն է հայտնել մարոնի եկեղեցու պատրիարքությանն աննախադեպ իրադարձության համար: Անտիոքի մարոնի եկեղեցու առաջնորդ Բշարա Ռայի պատրիարքը ընդգծել է, որ հայերին Լիբանանում ճանաչում են իբրև նվիրյալ և անկեղծ քաղաքացիներ, որոնք ջանք չեն խնայում բարեկեցիկ կյանքի ապահովման և երկրի բարգավաճման համար: