Ռոբեր Գեդիկյանի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կընդգրկվի ֆրանսիական կինովարձույթում
ՄշակույթՆոյեմբերի 11-ից ֆրանսիական կինովարձույթում կընդգրկվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այդ մասին հայտնում է Nouvelles d`Armenie-ն:
Ֆիլմը նկարահանվել է ողբերգարական իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ռեժիսորն անդրադարձել է «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) գործունեությանը: Գեդիկյանը նշել է, որ ֆիլմի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել են իսպանացի հայտնի գրող ու լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանի կյանքն ու գործունեությունը: Գուրիարանը 1980 թվականին ծանր վիրավորվել է ԱՍԱԼԱ-ի մարտիկների կողմից Մադրիդում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով: Նրանց դատապարտելու փոխարեն, սակայն, իսպանացին փորձել է հասկանալ, թե որն է եղել շարժառիթը:
Այդ իրադարձությունից կարճ ժամանակ անց լրագրողը հրատարակել է «La Bomba» գիրքը, որտեղ սեփական կյանքի պատմությունը համատեղել է հայ ժողովրդի ողբերգական պատմության հետ:
Գեդիկյանի «Մի խենթ պատմություն»-ն այս տարի ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, այս ֆիլմով է ազդարարվել նաև «Ոսկե Ծիրան» Երևանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ՝ Գրեգուար Լըպրենս Ռենգեն, Սերժ Ավետդիքյանը, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը և այլք: