Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ինտիմ կյանքը շարունակում է քաղաքական շահարկումների նյութ լինել՝ տեղիք տալով պոռնոսկանդալների, հայտնում է Haqqin.az-ը:
Խադիջա Իսմաիլովայից և Քամալա Բանյանյարլըից հետո հանրայնացվել է ընդդիմադիր գործիչ Սայիդ Նուրիի ինտիմ կյանքը. նա ևս գաղտնի նկարահանման զոհ է դարձել, այն էլ՝ սեփական ննջասենյակում: Նուրին ԱՄՆ-ի քաղաքացի է:
Աղբյուրը հայտնում է, որ ադրբեջանական սոցկայքերում մեծ թափով տարածվում են ինտիմ տեսագրությունները, իսկ Նուրին արդեն մեկ շաբաթ է, ինչ չի կարողանում հեռանալ Ադրբեջանից: Նրան հեռանալ արգելել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, քանի որ Նուրին որպես վկա անցնում է մի քրեական գործով:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը և դեսպանությունն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից պարզաբանում են պահանջել Նուրիի հարցով:
Ըստ աղբյուրի՝ Նուրին 2005-ին ԱՄՆ-ի ջանքերով Ադրբեջանում պետք է «գունավոր հեղափոխություն» իրականացներ, և հենց այդ ժամանակ էլ ստեղծվել է «Ենի Փիքիր» ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունը, որի փոխնախագահն էլ հենց Նուրին է: