Երվանդ Զախարյանն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին
ՏնտեսությունՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նոյեմբերի 9-ին հյուրընկալել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Աբդուլ Ջաբբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), նույն ընկերության համասեփականատեր Ալեքսեյ Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Իվո Գեորգիևին (Բուլղարիա):
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջույնի խոսքերի փոխանակումից հետո հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար` ներկայացնելով իրենց գործունեությունը Բուլղարիայում, Ռումինիայում և այլ երկրներում: Նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցել վերականգնվող էներգետիկայի բնագավառում, ներդրումներ կատարել արևային, հողմային և հիդրոէներգետիկայի ոլորտներում:
Նախարարը, շնորհակալություն հայտնելով այցի համար, նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է զարգացնել վերականգնվող էներգետիկան: Հյուրերի խնդրանքով Երվանդ Զախարյանը ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում առկա իրավիճակը, նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: