ԴԱՀԿ աշխատակիցը իրեն իրավունք է վերապահել շտկել դատարանի սխալը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Արման Հարությունյանը, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կատարողական գործողություններ իրականացնելու ընթացքում, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները, իրեն իրավունք է վերապահել շտկել դատարանի թույլ տված սխալը: Այս մասին հայտնի դարձավ դատական տեղեկատվական համակարգից:
ԴԱՀԿ աշխատակիցը քաղաքացու մոտ փորձել է պատրանք ստեղծել առ այն, որ ինքն իրավասու է գնահատական տալ դատական ակտերին և ինքնուրույն իրականացնել արդարադատություն` իր գործողություններով էական վնաս պատճառելով պետությանը:
Մեղադրյալին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանքն է առաջադրվել:
Արման Հարությունյանին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, երկուսից երեք ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Արման Հարությունյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է ստորագրություն չհեռանալու մասին: