Երևանի մի խումբ դպրոցականներ այցելել են Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր- թանգարան
ՀասարակությունԵրևանի թիվ 185 և Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցների 9-րդ դասարանցիներն այցելել են Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում վերջերս հանդիսավորությամբ բացված՝ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարան։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին դպրոցական այցելուներին հուշահամալիր-թանգարանում հյուրընկալել է արձակագրի դուստրը՝ Սիրանուշ Գալշոյանը, ում ուղեկցությամբ երեխաները շրջել են թանգարանի սրահներում, ծանոթացել թանգարանում ցուցադրվող նմուշներին, ունկնդրել Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններից՝ հեղինակի ընթերցմամբ ձայնագրություններ։
«Հպարտ եմ, որ հուշահամալիր-թանգարանի առաջին այցելուներից է մատաղ սերունդը։ Երկու շաբաթ է, ինչ հուշահամալիր-թանգարանը գործում է և, ի ուրախություն մեզ, այսօր առաջին երկու դպրոցների աշակերտներին հյուրընկալեցինք։ Այս երեխաներն այն տարիքում են, որ նոր պետք է ծլարձակեն, և հայրենիքի գաղափարը միգուցե հենց այստեղ ենք սերմանում»,- նշել է արձակագրի դուստրը։
Մուշեղ Գալշոյանի հուշահամալիր-թանգարանի կառուցման հիմքը դրվել է դեռևս 2001 թվականին՝ ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ: