Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԶԼՄ-ները հանրաքվեին հազվադեպ են անդրադառնում
ՀասարակությունԴեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հոկտեմբերի 10-ին: Այս առիթով Երևանի մամուլի ակումբն իրականացնում է հանրաքվեի քարոզչության, լուսաբանման մշտադիտարկում:
Ինչպես հայտնում է Orer.am-ը, այսօր ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մշտադիտարկման միջանկյալ արդյունքները, ասաց, որ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների շուրջ հեռուստաբանավեճը հիմնականում կենտրոնացած է եղել կառավարման մի ձևից մյուսին անցնելու նախաձեռնության վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մշտադիտարկման ենթարկված լրատվամիջոցներում հանրաքվեն հիմնականում հիշատակվել է նույնականացման քարտով ընտրությանը մասնակցելու իրավունքի իրացման շրջանակներում:
Այլ կերպ ասած՝ քարոզչության սկզբնական փուլը ավելի շուտ ընդհանուր քաղաքական կողմնորոշումներ է արտացոլել, քան հիմնական օրենքի փոփոխությունների բովանդակության նկատմամբ վերաբերմունք:
Ի դեպ, մշտադիտարկման ենթարկված Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի արդյունքները ցույց են տվել, որ երկու՝ «Չե´ք անցկացնի» և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ հեռուստաընկերությունն ընդհանրապես հետաքրքրություն չի ցուցաբերել:
Իսկ, ընդհանուր առմամբ, մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները թեմային անդրադառնում են ծայրահեղ հազվադեպ: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ապա եթերային ժամանակի տեսանկյունից այն ընդգծված սահմանափակ է եղել և դրանցում արտահայտությունների նշանային բնութագրիչներն իսպառ բացակայել են:
Ա.Գրիգորյան