Կառավարությունը Տավուշի մարզում տեքստիլի արտադրություն սկսելու առաջարկներ է ստացել
ՏնտեսությունՀՀ կառավարությունը Տավուշի մարզում տեքստիլի արտադրություն սկսելու առաջարկներ ունի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: «Այդ բոլոր առաջարկներին ընթացք տալու պարագայում մոտ 2000 աշխատատեղ կստեղծվի»,- նշեց Տարասյանը:
Փոխնախարարը հավելեց, որ սահմանամերձ գյուղական համայնքների համար սահմանված հարկային արտոնությունները նաև Բերդ և Ճամբարակ քաղաքների վրա տարածելու քննարկվող օրենքի ընդունման դեպքում կընդլայնվեն այդ տարածքներում ներդրումներ ներգրավելու հնարավորությունները:
Տարասյանը նաև նշեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները տեղյակ են հարկային արտոնություններից և իրազեկվածության առումով խնդիրներ չկան: Փոխնախարարը հայտնեց, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները արտոնություններից օգտվելու համար հարկային մարմին հայտ ներկայացնելու կարիք չունեն, քանի որ օրենքի ընդունումից անմիջապես հետո բոլորը ներառվել են ցանկում: