Տուլայի ավտովթարից տուժածներին փոխհատուցելու համար կառավարությունը հատկացրեց 50 մլն դրամ
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցելու համար ընդհանուր առմամբ կհատկացվի 50 մլն դրամ: Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն 500 հա զար ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։ «Կապահովվի նաև ՌԴ-ում բուժում ստացող քաղաքացիների տեղափոխումը Հայաստան»,- ասաց Բեգլարյանը:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ 9 քաղաքացի, տուժել է ևս 43-ը: Զոհերի աճյուններն արդեն տեղափոխվել են Հայաստան: