Հայտնի է Հյուսիս-հարավ միջանցքի Աշտարակ-Երևան հատվածի կառուցման ավարտի ժամկետը
ՀասարակությունՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. դեկտեմբերի 31-ին:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանի հարցին: «Մենք նախատեսում ենք մինչև դեկտեմբերի 31-ն ավարտին հասցնել այդ հատվածի շինարարությունը և բացումն անել: Ուղղակի մեզ անհրաժեշտ է լավ եղանակային պայմաններով 10-15 օր, որպեսզի կարողանանք ավարտել: Մեր կանխատեսումներով մենք այդ օրերը կունենանք, և դեկտեմբերի 31-ին այդ հատվածը լիարժեք կբացվի՝ ամբողջությամբ կահավորված, լուսավորված»,-նշեց Առաքելյանը:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ կառավարությունն արդեն Եվրասիական զարգացման բանկի հակաճգնաժամային հիմնադրամի հետ կնքել է վարկային համաձայնագիր և երկրի հարավային սահմանից մտավորապես 21 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման մրցույթ է հայտարարել: «Սա կարևոր է նրանով, որ մենք Հյուսիս-հարավ միջանցքի կառուցումը սկսում ենք նաև հարավից, և այդ աշխատանքները կընթանան Սյունիքի մարզում և Եղեգնաձորում»,- հավելեց Առաքելյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ավարտին են մոտենում նախագծային-նախահաշվարկային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնք թույլ կտան անխափան իրականացնել ծրագիրը ֆինանսական միջոցների առկայության պայմաններում: