Գյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է ձմեռային տեղումներին
ՀասարակությունԳյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է ձմեռային տեղումներին: Փողոցների մշակման համար քաղաքապետարանի բնակկոմունալ բաժինը ձեռք է բերել 30 տ աղ, մոտ հազար խորանարդ մետր պեմզա, ինչը կբավականացնի քաղաքի փողոցները ձմռան ընթացքում մաքուր պահելու համար: Այս մասին նոյեմբերի 12-ին Գյումրու քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում տեղեկացրեց քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ու բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: Իսկ աշխատանքները կատարելու համար 21 միավոր տեխնիկա է աշխատելու, այդ թվում՝ արդեն պատրաստ է 3 գրեյդեր, 5 ջրցան, 4 տրակտոր, 7 ինքնաթափ մեքենաներ և 1 ձյուն հավաքող-բարձող մեքենա և 1 բարձիչ: «Մեքենաների շահագործման համար բոլոր միջոցառումներն իրականացված են, բոլորն ապահովված են նոր անվադողերով, չկա նաև վառելիքի խնդիր: Պատրաստ է նաև բանվորական ուժը»,-նշեց պատասխանատուն:
Եթե քաղաքապետարանի համապատասխան բաժինը խնդիրներ չունի ձմեռային սեզոնի հետ կապված, ապա փողոցների վիճակի հետ կապված խնդիրներ առաջացել է ջրմուղի պատճառով: Խորհրդակցության ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորեց շինարարներին խճապատել այն բոլոր տարածքները, որոնք դրա կարիքն ունեն:
Արմենուհի Մխոյան