Գանձակ գյուղը մոտ 1 օր հոսանքազրկված է մնացել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղն ուժեղ քամիների հետեւանքով հոսանքազրկված է մնացել մոտ 1 օր, իսկ էներգամատակարարումը ժամը 17-ի դրությամբ վերականգնվել է միայն համայնքի կեսում:
Ինչպես տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, գյուղն ամբողջությամբ հոսանքազրկվել է նոյեմբերի 11-ի երեկոյան ժամերից, որը մասամբ հաջողվել է վերականգնել միայն նոյեմբերի 12-ի ժամը 17-ի սահմաններում:
«Էներգամատակարարումը հաջողվել է վերականգնել միայն գյուղի ներքեւի թաղամասում, իսկ վերին թաղամասում այն դեռ չի վերականգնված: ԽՍՀՄ փլուզումից ի վեր մեր գյուղի էներգամատակարարման համակարգի նորացման համար որեւէ ներդրում չի արվել, ոչ մի հենասյուն, կաբել, ենթակայան չի նորոգվել, այդ իսկ պատճառով էլ ամեն մի ուժեղ քամու դեպքում կանգնում ենք նման դժվարին խնդրի առաջ»,-նշեց համայնքի ղեկավարը:
Մարզի մի շարք համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն` առանձին համայնքներում եւս տեղի են ունեցել էներգամատակարարման խափանումներ, որոնք, սակայն, վերականգնվել են համեմատաբար կարճ ժամանակի ընթացքում: