Հակառակորդի կրակոցներից զոհված 20-ամյա Վահեն օրեր առաջ ծառայակցի կյանքն էր փրկել (Ֆոտո)
ՀասարակությունNews.am-ը գրում է.
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցներից նոյեմբերի 12-ին զոհված զինծառայող Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արեւիկ գյուղից էր, մեկ ամիս անց պետք է զորացրվեր:
Արեւիկի գյուղապետ Գարեգին Ստեփանյանը NEWS.am-ին պատմեց, որ մեկ ամիս առաջ ծառայակցի կյանքը փրկելու համար Վահեին մեդալով էին պարգեւատրել, 10-օրյա արձակուրդ տվել, բայց նա նախընտրել էր արձակուրդ չգալ՝ մտածելով, որ մեկ ամսից զորացրվելու է:
«Եթե արձակուրդ եկած լիներ, վաղը նոր լրանում էր օրը, կգնար հետ, բայց ասել էր՝ մեկ ամիս ա մնացել, գամ, ինչ անեմ»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Վահեն ընտանիքի հետ դեպքից 1 ժամ առաջ էր խոսել. «Խոսել էր մամայի հետ, ասել էր՝ լավ եմ, շուտով կգամ: Դրանից մի ժամ հետո դեպքը եղել էր»:
Վահեն Վանոյանների կրտսեր զավակն էր, ավագ քույրն ամիսներ առաջ է ամուսնացել: Վահեն չէր կարողացել ներկա գտնվել նաեւ քրոջ հարսանիքին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) եւ Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: