Հայաստանում հաջորդ տարի հնարավոր կլինի բանկային ոսկու արտադրություն իրականացնել
ՏնտեսությունՀայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն այս պահին բանկային ոսկու պաշարներ չունի, սակայն առաջիկայում նպատակ ունի ձեռք բերել: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին:
«Մենք արդեն ավարտել ենք բանակցություններն աֆինաժ իրականացնող շատ լուրջ մի շվեյցարական ընկերության հետ, որն այստեղ ներդրում է իրականացնելու: Արդեն նախագծային աշխատանքներն ավարտվում են, իսկ կարճ ժամանակ անց կմեկարկի գործարանի շինարարությունը, որը կարճ է տևելու, քանի որ արդեն տեղն ու շինարարությունն իրականացնող ընկերությունը որոշված են»,- ընդգծեց ԿԲ նախագահը:
Ջավադյանն ընդգծեց, որ արդյունքում հաջորդ տարվանից հնարավոր կլինի Հայաստանում բանկային ոսկու արտադրություն սկսել, ինչի պարագայում անիմաստ կլինի երկրի արտաքին արտարժութային պաշարները ոսկով չհամալրելը: «Դա նաև հնարավորություն կտա, որպեսզի ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվողները ոսկին ցածր կոնցենտրացիայով արտերկիր չտանեն, այլ տեղում վաճառել այդ գործարանին և ստանալ բանկային ոսկի, իհարկե, եթե նման ցանկություն կունենան»,- եզրափակեց ԿԲ նախագահը: