2014 թվականին աշխարհում ահաբեկիչների զոհ է դարձել 32,6 հազար մարդ. զեկույց
ՀասարակությունԶինված հակամարտությունների տարածման ֆոնին 2014 թվականին աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 80 տոկոսով, ինչն այդ ցուցանիշի ամենամեծ աճն է դարձել վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները տեղ են գտել «Ահաբեկչության 2015 թվականի գլոբալ վարկանիշ»-ում, որը նոյեմբերի 17-ին Լոնդոնում հրապարակել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը:
Ինչպես ասված է հետազոտության մեջ, որը վերլուծում է 162 երկրների իրադրությունը, որոնցում բնակվում է մոլորակի բնակչության 99,6 տոկոսը, ընդամենն անցյալ տարի ահաբեկիչների զոհ է դարձել 32 հազար 658 մարդ: Դա ինն անգամ ավելի է, քան XXI դարի սկզբին, նշում են զեկույցի հեղինակները՝ հիշեցնելով, որ 2000 թվականին աշխարհում ահաբեկչությունից զոհվել է 3 հազար 329 մարդ:
Ինչպես ընդգծվում է զեկույցում, ահաբեկչական ակտիվությունն առավել մեծ է հինգ պետություններում՝ Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում եւ Սիրիայում: Ընդհանուր առմամբ այս երկրներն են պատասխանատու 2014 թվականին մարդկային զոհերի 78 տոկոսի համար: Հենց նրանք Էլ գլխավորում են վարկանիշը: Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան եւ Թաիլանդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: