Լոլա Ուզունյանին մահացած գտնելու մասին լուրերը չեն հաստատվում
ՀասարակությունԴեռևս որևէ հաստատում չկա, որ Փարիզում հայտնաբերվել է նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո անհայտ կորած հայուհու` Լոլա Ուզունյանի մարմինը:
Ինչպես նշեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը, քանի դեռ ընտանիքը չի հայտնում, ոչ ոք իրավունք չունի այդպիսի լուրեր տարածելու:
Լուրերը չեն հաստատում նաև ֆրանսիական իշխանությունները: Հայտնի է, որ Փարիզում ահաբեկչությունից հետո երեք զոհերի մարմիններ դեռ չեն ճանաչվել. դեռևս փորձաքննությունները չեն ավարտվել:
Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո փնտրում են 17-ամյա Լոլա Ուզունյանին, ով եղել է «Բատակլան» համերգասրահում: Նա և հայրը համերգասրահի խառնաշփոթում իրար կորցրել են։ Հորը հաջողվել է դուրս գալ։
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 132 մարդ: Տարբեր աղբյուրներ հայտնում են 160-250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ֆրանսիայի իշխանությունների՝ ՀՀ դեսպանությանը տրամադրած նախնական տեղեկատվության համաձայն՝ Փարիզում ահաբեկչությունների հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: