Ադրբեջանի արտաքին պարտքը վերջին եռամսյակում 1,6 տոկոսով աճել է
ՏնտեսությունԱդրբեջանի պետական արտաքին պարտքը 2015 թվականի երրորդ եռամսյակում 1,6 տոկոսով կամ 109,7 մլն դոլարով աճել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանի պետական արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 730,9 մլն դոլար, ինչը 3,9 տոկոսով ավելի է, քան այս տարվա սկզբին: Եւ դա այն դեպքում, երբ այս տարի Ադրբեջանի արտաքին պարտքի սպասարկման համար (հաշվեգրված տոկոսներով) պետբյուջեից նախատեսված է հատկացնել 776,2 մլն դոլար: Դրանից պարզ է դառնում, որ մարելով հները, Ադրբեջանն արտասահմանում նոր պարտքեր է փոխառում:
2016 թվականին Ադրբեջանը մտադիր է հիմնական արտաքին պարտքից եւ հաշվեգրված տոկոսներից մարել 948,6 մլն դոլար: Ադրբեջանի կողմից ծրագրվող վարկերի մասին ոչինչ չի հայտնվում:
2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանի յուրաքանչյուր բնակչին մոտ 697,7 դոլար արտաքին պարտք է ընկնում: