Դավիթ Հարությունյանը ներկայացրեց հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում կառավարության քայլերը
ՏնտեսությունՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք կառավարությունն իրականացրել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում:
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ հենց այդ ռազմավարության շրջանակներում վարչապետը հանձնարարեց դադարեցնել բոլոր հարկային ստուգումները փոքր և միջին ձեռնարկություններում:
«Ավելին, վարչապետը հանձնարարական է տվել և արմատապես վերանայվում են բոլոր այն նորմատիվները, համաձայն որոնց իրականացվում են նման ստուգումները»,- նշեց Հարությունյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հստակեցրեց, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել տեսչական բարեփոխումների ՝ էապես փոխելով ամբողջ գաղափարախոսությունը: «Սա հակակոռուպցիոն ծրագրի ամենախոսուն տարրն է, որը չնկատելու համար հարկավոր է կույր լինել»,- եզրափակեց Հարությունյանը: