Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդներ
Հասարակություն«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում իրականացնում է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որին պատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասարհ նարավորություններ: Ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2016թ. մարտը: Մասնակիցների թվում են 9 0 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։
Ինչպես տեղեկացրին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնից, 5 ամիսների ընթացքում նրանք կուսուցանեն գրաֆիկական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ կիրականացվի նաև սոցիալական ներգրավման և մասնակցության թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:
Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2014թ-ին՝ «Միասին հանուն փոփոխության» խորագրի ներքո, որին մասնակցել են շուրջ 120 երեխաներ և ձեռք են բերել համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ:
«Շատ մեծ կարևորություն ունեցավ 2014 թվականի ծրագիրը, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և որոշ չափով ծանոթացան տեխնոլոգիական ոլորտին։ Ուրախ ենք, որ ծրագիրն ունեցավ շարունակություն, ու այս անգամ թվով 90 երեխաներ հնարավորություն ունեցան ներգրավվել տեխնոլոգիական միջավայր և ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ»,- նշել է հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը։
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն է ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը:
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:
Կենտրոնը ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերությունների կողմից նորարար բիզնես գաղափարները կյանքի կոչելուն: