Ջասթին Բիբերի հետ սելֆին 2000 դոլար կարժենա՝ երգիչը ներկայացրել է իր գնացուցակը
LifestyleԿանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ըստ երեւույթին, որոշել է մեծ գումարներ աշխատել: Իր գալիք Purpose համերգային շրջագայության համար հանրահայտ երգիչը կազմել է մի ամբողջ գնացուցակ, որտեղ թվարկել է երկրպագուների համար նախատեսված վճարովի ծառայությունները, գրում է US Magazine-ը:
Ջասթինը առաջարկում է ծառայությունների փաթեթ՝ 350, 925 ու 2000 դոլարով:

Ամենաթանկարժեք ծառայությունը ներառում է՝ երգչի ողջույնը, նրա հետ անձնական սելֆին, բեմի մոտ՝ հատուկ գոտում, նստելու հնարավորություն, նաեւ նրա նոր ալբոմի էլեկտրոնային տարբերակը ներբեռնելու հնարավորությունը. ի դեպ, բոլոր 20 «vip» տոմսերն էլ արդեն վաճառվել են:
Բիբերի ծառայությունների փաթեթի ամենաէժանագին տարբերակները ներառում են երգչի ողջույնը, խմբակային սելֆիներ Ջասթինի հետ ու հատուկ հյուրերի համար նախատեսված դռնով համերգասրահ մտնելը:

Երգչի պատանի ֆանատներն արդեն սոցցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ իրենց կուռքի հետ հանդիպելն այդքան թանկ է:
Իսկ երկրպագուներից մի քանիսը վիրավորական համեմատություններ են արել.
«Նույնիսկ մարմնավաճառները այդքան փող չեն ուզում իրենց ծառայությունների համար»:
«Նման գումարով նա կարող էր մեզ առաջարկել մեկ շաբաթով իր տանը բնակություն հաստատել»,- ամփոփել է Բիբերի վիրավորված երկրպագուներից մեկը: