Հայաստանն ինքը պետք է ընտրի անվտանգության և տնտեսական հարցերում ԵՄ-ի հետ համագործակցության տարրերը
ՏնտեսությունՀայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ոչ մի կերպ չի ազդում Եվրամիության որոշման վրա շարունակել աշխատանքն ապագայում միասնական տնտեսական դաշտ ստեղծելու ուղղությամբ:
Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Սա մեծապես կախված է այն բանից, թե ինչպես ԵԱՏՄ անդամները կկառուցեն իրենց փոխհարաբերությունները Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի հետ, որոնք որոշել են տնտեսապես համագործակցել Եվրամիության հետ: Եթե այս երկրների ընտրությունը հարգվի, ուրեմն մենք կարող ենք առաջընթացի հույս ունենալ, բայց եթե տնտեսական առումով այս ընտրությունը դիմավորվի ագրեսիվ ձևով, իհարկե, այս դեպքում սա դրական դեր չի կարող ունենալ ապագայում»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
ԵՄ դեսպանը նշեց, որ Եվրոպական հարևանության քաղաքականության նոր մոտեցմամբ անվտանգության և տնտեսական ոլորտներում լայն ծրագրեր են նախատեսվում, և Հայաստանն ինքը պետք է որոշի, թե եղած տարրերից որոնք են իր համար օգտակար: