Լաս Վեգասում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը կոչված է կանխարգելելու հետագա ոճրագործությունները
ՀասարակությունԱմերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքի «Սանսեթ» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հուշակոթողի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր Լաս Վեգասի Հայ-ամերիկյան մշակութային միության(AACS) նախաձեռնությամբ, մասնակցել են ԱՄՆ կոնգրեսականներ, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայկական եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրեր և հայ համայնքի անդամներ:
Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան Արմենյանը, ով մասնավորապես ասել է. «Այսօր «Սանսեթ» այգում հայ-ամերիկյան համայնքը հիշատակի հուշարձան է նվիրաբերում Հարավային Նեվադայի քաղաքացիներին, որ նոր սերունդը հիշի ողբերգական պատմությունը և ապագայում այսպիսի սարսափելի գործողությունների չկրկնվեն»:
Հուշատախտակի վրա գրված է. «Լաս Վեգասի հովիտը հույս և հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր փորձում են նոր կյանք սկսել: Այս հուշարձանը նվեր է Հարավային Նեվադայի ժողովրդին հայ-ամերիկյան համայնքի կողմից: Այն հարգանքի տուրք է 1915-1923 Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Թող այն կանգնի ի հիշատակ բոլոր հետևած ցեղասպանությունների, և ի նշանավորում համայնքների բազմազանության, որոնք վերածնվեցին անապատի այս օազիսում»: