Շիրակում բնակիչների թվի աճով պայմանավորված մեկով ավելացել են ընտրատեղամասերը
ՀասարակությունՇիրակի մարզում դեկտեմբեր 6-ին կգործի 220 ընտրական տեղամաս, ինչը մեկով ավելի է վերջին ընտրություններում գործող տեղամասերի թվից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը:
«Նախորդ ընտրություններին մարզն ունեցել է 219 տեղամաս. այս անգամ, հաշվի առնելով այն, որ Մուշ-2 թաղամասում ավելացել է բնակիչների թիվը, հարմարավետության նպատակով ավելացվել է ևս մեկ ընտրատեղամաս: Սրանից բացի, այլ փոփոխություն չկա տեղամասերի հետ կապված: Տեխնիկական առումով մարզն ամբողջովին պատրաստ է: Ըստ գործող օրենքի, տեղամասերը կկահավորվեն մեկ օր առաջ»,-նշեց պատասխանատուն:
Մարզի տարածքում գործող 4 ընտրատարածքներում ընտրողների թվով ամենամեծը 34-րդն է` նախնական տվյալներով 66295 ընտրող, այն ընդգրկում է Գյումրին: Նախնական տվյալներով, մարզն ունի 231 հազար 821 ընտրող: «Տեղամասային ընտրական հանձնաժողովներն արդեն ձևավորված են, կայացել են անդրանիկ նիստերը: Ամեն ինչ պատրաստ է: Տեղամասային կենտրոններում՝ տեսանելի վայրում, փակցված են ցուցակները, որոնք նախնական են և փոփոխության ենթակա»,-նշեց Ռուբեն Հարությունյանը:
Բացի այն, որ դեկտեմբերի 6-ին քաղաքացիներն իրենց դիրքորոշումը կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների հետ կապված, Շիրակի մարզի 8 համայնքներում կանցկացվեն նաև ՏԻՄ ընտրություններ:
Արմենուհի Մխոյան