Հայաստանում հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 3,5 տոկոսով
ՏնտեսությունՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015 թվականի հունվար-հոկտեմբերին 3,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում են գրանցել առևտրի շրջանառության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտները:
Շինարարության ծավալը աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 0,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը ևս աճ է գրանցել` 2,2 տոկոսով: 2014թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2,8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը պահպանել է երկնիշ աճի ցուցանիշը՝ 11,6 տոկոս: Առեւտրի շրջանառությունը նվազել է 6,4 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 4,6 տոկոսով աճել է 2014թ. հունվար-հոկտեմբերի համեմատ: Սպառողական գների ինդեքսն աճել է 4,4 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 1 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9,2 տոկոսով` կազմելով 181 հազար 675 դրամ: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 20,4 տոկոսով (3 միլիարդ 900,9 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումը նվազել է 2,2 տոկոսով (1 միլիարդ 223,4 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 26,6 տոկոսով (2 միլիարդ 677,5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն Ա ՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբերին եղել է 477.19: